Հայաստան-Իրան երկաթուղու շինարարությունն անհնար է «չորս անկհայտ» պատճառով: Այս մասին հայտարարել է AMI Trend-ի լուրերի իրանական ծառայության ղեկավար Դալգա Հաթինօղլուն` day.az-ին տված հարցազրույցում: «Երկաթուղու շինարարության համար ծրագրված մեկ տարի ութ ամիսների ընթացքում անհրաժեշտ է 2,5 մլրդ դոլար: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ վերջին տարիներին Իրանը տնտեսական խնդիրներ ունի, այդ թվում և նրա նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցների պատճառով: Այնպես որ Իրանը դրա համար գումար չունի»,- ասել է Հաթինօղլուն: Վերջինիս մեկնաբանմամբ՝ երկրորդ արգելքը Իրանում առկա տնտեսական ճգնաժամի պատճառով երկրի ներսում երկաթուղային մի քանի ծրագրերի արդեն իսկ դադարեցված շինարարությունն է. «Երկրում առկա ֆինանսական ճգնաժամը պաշտոնական Թեհրանին թույլ չի տալիս նույնիսկ «վճարել» արդեն սկսված ներքին երկաթուղագծերի տասնյակ նախագծերի համար: Օրինակ՝ աշխատանքը դադարեցված է Քուրդիստանի շրջանում, ՈՒրմիա քաղաքում, ժամանակավոր դադարեցված է Համադան-Սանանդաջ, Կազվին-Ռեշտ և այլ երկաթուղագծերի շինարարությունը»: Ըստ Հաթինօղլուի` Հայաստան-Իրան երկաթուղու իրականացման անհնարինության երրորդ պատճառն այն է, որ «Իրանի և Հայաստանի միջև ֆինանսական միջոցների շրջանառությունը տասն անգամ պակաս է վերը նշված (2,5 մլրդ դոլար) գումարից, իսկ դա շատ պերճախոս ցուցիչ է փորձագետների համար»:
«Եվ վերջապես՝ փաստը, որ Հայաստանը մեկուսացված պետություն է, ու դրանով պայմանավորված Իրանի և այդ երկրի միջև երկաթուղու շինարարությունն անհեռանկար ձեռնարկում է», - ասել է Հաթինօղլուն: